Նորություններ

Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը

նոյեմբեր 11, 2026

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել Ջրային կոմիտեի (ՋԿ) Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի և ՀՀ ԳԱԱ Սևանի լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի համատեղ նիստը։

Նիստին մասնակցել են ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանը, նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, ՋԿ ոլորտային պատասխանատուներ, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, որը հանդիսանում է ՀՀ ԳԱԱ ՍԼՊՓՀ-ի անդամ։

Օրակարգում քննարկվել են «Արփա-Սևան» և «Որոտան-Արփա» ջրատար թունելների շահագործման ու պահպանության, ինչպես նաև ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի տարեկան չափաքանակի սահմանման հիմնավորումների հարցերը։ Զեկույցներով հանդես են եկել «Արփա-Սևան» ՓԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը և «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Արտակ Ղազարյանը։

Համատեղ նիստի արդյունքում առաջարկվել է նախաձեռնել երկու ծրագիր.

Սևանա լիճ տեղափոխման համար հասանելի ջրային ռեսուրսների և հիդրոտեխնիկական կառույցների ներուժի գնահատում, որի շրջանակում կուսումնասիրվեն Որոտան-Արփա-Սևան հիդրոհամակարգի տեխնիկական ու շահագործման հնարավորությունները, ինչպես նաև Սևանա լիճ տեղափոխման համար հասանելի ջրային ռեսուրսները։

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի տարեկան չափաքանակի սահմանման մեթոդաբանություն, որը հիմնված կլինի Սևան-Հրազդան ամբողջական ջրատնտեսական համակարգի մաթեմատիկական մոդելի վրա՝ ներառելով նաև Քասախի, Ազատի, Ապարանի և Վեդիի գետավազանները։ Այն հնարավորություն կտա գնահատել ջրառի տարբեր սցենարներն ու ռիսկերը և սահմանել հիմնավորված չափաքանակներ։

Առաջարկվող աշխատանքների նպատակն է ապահովել Սևանա լճի ջրային ռեսուրսների վերականգնման, էկոլոգիական պահանջների պահպանման և ոռոգման ջրապահանջի բավարարման միջև հավասարակշռված մոտեցում։

Համատեղ նիստի առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը և Ջրային կոմիտեին՝ համապատասխան աշխատանքների իրականացմանն աջակցելու նպատակով։