Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը՝ վերջին 65 տարվա ամենացածր ցուցանիշով
սեպտեմբեր 25, 2026
Այսօր պաշտոնապես դադարեցվեց Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը։ Այս նպատակով Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության և «Ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվեց «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքումը։
«Սևան» ՀԷԿ-ի շարժաբերներն ապակնքվել էին ս.թ. հուլիսի 2-ին, և նույն օրն էլ մեկնարկել էր Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը։
Հատկանշական է, որ 2026 թվականի ոռոգման շրջանն ավարտվել է Սևանա լճից ջրառի՝ վերջին 65 տարվա ամենացածր ցուցանիշով՝ ընդամենը 75.3 մլն խոր. մետր։ Ի համեմատություն՝ 2025 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել էր 180.1 մլն խոր. մետր ջրառ։
Միաժամանակ, 2026 թվականին «Արփա-Սևան» համակարգով Սևանա լիճ է տեղափոխվել 183.5 մլն խոր. մետր ջուր, որը 2025 թվականի համեմատ 73.5 մլն խոր. մետրով ավելի է։ Արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով։
Սևանա լճից ջրառի նվազման ցուցանիշն առավել ընդգծվում է նախորդ տարիների համեմատությամբ։ Մասնավորապես, 2006, 2007, 2010 և 2011 թվականներին, երբ Հայաստանում հիմնական ջրամբարների լցվածությունը համադրելի էր ընթացիկ տարվա ցուցանիշներին, Սևանա լճից ջրառը տատանվել է 152-170 մլն խոր. մետրի միջակայքում։