Ջրային կոմիտեում տեղի է ունեցել KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի կառավարման խորհրդի նիստը
սեպտեմբեր 28, 2026
Հայաստանի ջրային ենթակառուցվածքների բարելավման և բնակչությանը մատուցվող ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակի բարձրացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից շարունակվում է «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3․ Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացումը՝ Գերմանիայի Վերակառուցման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ։
Ջրային կոմիտեում, նախագահ Արամազդ Ղալամքարյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որին ներկա են գտնվել KfW բանկի, ՀՏԶՀ-ի, Եվրոպական միության, Հայաստանում Գերմանիայի դեսպանության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Ծրագրի ընթացիկ վիճակն ու առկա մարտահրավերները ներկայացրել է ՀՏԶՀ տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։
Մասնավորապես, նիստի ընթացքում քննարկվել է Արզական, Խնածախ, Ուռուտ և Ագարակ բնակավայրերում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման ընթացքը։ Նշվել է, որ Ուռուտ և Ագարակ բնակավայրերում իրականացվում են նաև կեղտաջրերի մաքրման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Ներկայացվել են առանձին բնակավայրերում արձանագրված տեխնիկական և կազմակերպչական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղած աշխատանքները։
Ջրային կոմիտեն, որպես ծրագրի պատասխանատու մարմին, հետևողականորեն վերահսկում է ծրագրի իրականացումը՝ նպատակ ունենալով ապահովել նախատեսված ենթակառուցվածքների ամբողջական գործարկումը և դրանց հետագա արդյունավետ շահագործումը։
Ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվում Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ու արդիականացման ուղղությամբ։