Նորություններ

Ջրային կոմիտեում (ՋԿ) տեղի է ունեցել հանդիպում Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) ներկայացուցիչ Քիմ Անդերսոնի հետ։

հոկտեմբեր 27, 2026

Հանդիպման ընթացքում Քիմ Անդերսոնը ներկայացրել է ջրային ռեսուրսների գնահատման և պլանավորման WEAP մոդելի հնարավորությունները՝ մասնավորապես ջրային հաշվեկշռի գնահատման, կլիմայի փոփոխության ազդեցությունների կանխատեսման, ջրի պահանջարկի և հասանելիության վերլուծության ուղղություններով։

ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն անդրադարձել է ջրային ենթակառուցվածքների համալիր պլանավորման, ոռոգման համակարգերի և գյուղատնտեսական հողերի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կայուն օգտագործման կարևորությանը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել մասնագիտական կարողությունների զարգացմանը, ժամանակակից գործիքների կիրառման վերաբերյալ գիտելիքների խորացմանն ու միջազգային առաջատար փորձի ուսումնասիրմանը, այդ թվում՝ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման հարցում Շվեդիայի փորձի փոխանակման հնարավորություններին։

Քննարկվել է նաև միջազգային ֆինանսական գործընկերների ներգրավմամբ ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Հանդիպմանը նախատեսվում է առավել առարկայական քննարկել Հայաստանում նախատեսվող ջրամբարներից մեկի նախագծման գործընթացում SEI-ի կողմից հայեցակարգային առաջարկով ներկայացված մոտեցումների գործնական կիրառման հնարավորությունները։