Նորություններ

Ջրային կոմիտեի պատվիրակությունը Պորտուգալիայում ծանոթացել է ոռոգման համակարգերի կառավարման առաջատար փորձին

սեպտեմբեր 30, 2026

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ՋԿ նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը և Նվարդ Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (ՈԳԶԱԱՄ) ծրագրի ներկայացուցիչ Վահե Մամբրեյանը սեպտեմբերի 13–18-ը աշխատանքային այցով գտնվել են Պորտուգալիայում։

Այցն իրականացվել է ՈԳԶԱԱՄ ծրագրի ջրային բաղադրիչի շրջանակում։ Պատվիրակությունն այցելել է Պորտուգալիայի ոռոգման ոլորտի կառավարման և սպասարկման կառույցներ։ Մասնավորապես՝ Պորտուգալիայի Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման գլխավոր տնօրինությունում (DGADR) խումբը ծանոթանացել է ոռոգման համակարգերի կառավարման կանոնակարգերին, ջրօգտագործողների լիազորություններին, ֆինանսական կայունության և արդյունավետ ջրամատակարարման ապահովման մեխանիզմներին։

Բեժա քաղաքում հայաստանյան պատվիրակությունն այցելել է Պորտուգալիայի ռազմավարական նշանակության խոշոր ջրամբարներից մեկի՝ Ալկևայի տարածք. ջրամբարը նույնիսկ երաշտի պայմաններում կարող է ապահովել երկրի՝ մինչև երեք տարվա ջրային պահանջարկը։

Պատվիրակությունը հանդիպել է Ալկևայի զարգացման և ենթակառուցվածքների ընկերության (EDIA) ներկայացուցիչների հետ։ Ընկերության ներդրած մեխանիզմների արդյունքում Պորտուգալիայում զգալի բարձրացել է գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետությունը, և չմշակվող հողատարածքներ գրեթե չեն մնացել։

Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է նաև տեղի ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ), ծանոթացել դրանց գործունեության կազմակերպման, ֆինանսական կառավարման և գնահատման մոտեցումներին, ինչպես նաև ոլորտի իրավական և կարգավորող համակարգին։ Քննարկվել են ՋՕԸ-ների ֆինանսական կայունության ապահովման, ոռոգման ծառայությունների վճարների ձևավորման և գանձման, ինչպես նաև ժամանակին ու բավարար ջրամատակարարման ապահովման մեխանիզմները։

Հանդիպումների և դաշտային այցելությունների ընթացքում հայաստանյան կողմին ներկայացվել է ջրանցքների, պոմպակայանների և այլ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ու շահագործման փորձը։

Հայաստանյան պատվիրակությունը ծանոթացել է նաև Պորտուգալիայի ոռոգման ազգային ֆեդերացիայի՝ FENAREG-ի գործունեությանը։ Ֆեդերացիան ներկայացնում է ջրօգտագործողների շահերը ազգային և միջազգային մակարդակներում, իրականացնում ոլորտային ուսումնասիրություններ ու հետազոտություններ, ինչպես նաև անդամներին տրամադրում տեխնիկական աջակցություն։

Ջրային կոմիտեի ղեկավար կազմի այցին հաջորդել է սեպտեմբերի 20–25-ը կայացած ՋԿ առանձին ստորաբաժանումների ղեկավարների ճանաչողական այցը. նպատակն էր տեղում ծանոթանալ ոռոգման համակարգերի կառավարման ու շահագործման պորտուգալական մոտեցումներին և խորացնել ոլորտային փորձի ուսումնասիրությունը։