Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներին
սեպտեմբեր 23, 2026
Այսօր Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։ Քննարկվել են Ջրային օրենսգրքի վերանայման կամ նոր Ջրային օրենսգիրք մշակելու անհրաժեշտությունը, բնօգտագործման գործող վճարները, ջրային համակարգերի կառավարման ոլորտում Հայաստանի կառավարության որդեգրած վերափոխման տեսլականը։
Այս համատեքստում քննարկվել է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարումը՝ քաղաքական և տեխնիկական մակարդակներում համակարգող մարմինների ձևավորման, ինչպես նաև տարբեր կառույցների դերերի և պատասխանատվությունների հստակեցման համատեքստում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ ոռոգման ջուր մատակարարող և ջրօգտագործողների ընկերությունների գործունեության բարելավման, հաշվետվականության մեխանիզմների ուժեղացման, ինչպես նաև սակագնային քաղաքականության կատարելագործման հարցերին։
Հանդիպման վերջում ԱՄՀ պատասխանատուների խնդրանքով՝ ՋԿ նախագահը ներկայացրել է Հողի և ջրի կոմիտեի ստեղծմանն ուղղված աշխատանքների ներկա ընթացքը, ինչպես նաև ծրագրված փոփոխությունից ակնկալվող գլխավոր արդյունքները։