Նորություններ

ՀՆԿ նիստին հաստատվել են Սևանա լճի կեղտաջրերի կառավարման և Կապսի ջրամբարի ծրագրերը

հուլիսի 02, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը։

Օրակարգի շրջանակում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել կեղտաջրերի մաքրման գործող կայանների ներկա վիճակի և առաջարկվող տեխնիկական լուծման վերաբերյալ:

Ղալամքարյանն ընդգծել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ գործող կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացում և կենսաբանական մաքրման ավելացում, միջին չափի ագլոմերացիաներում նոր կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում և մեկուսացված և փոքր գյուղական համայնքների համար փոքր առանձին կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:

Նիստում քննարկվել են ծրագրի կառավարման շրջանակի և ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով ծրագրի իրականացման հնարավորությանը: Նախագիծը հաստատվել է:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցը: Ներկայացվել են արդեն կատարված աշխատանքները, այդ թվում՝ Ախուրյան գետի ջրի հեռացման համակարգի կառուցման, ոռոգման թունելի մուտքամասի և ելքամասի քանդման ու ամրակայման աշխատանքները, վաղ ազդարարման համակարգի տեղադրման, հնագիտական վայրերի պեղումների իրականացման, բուսաշերտի մաքրման աշխատանքները և այլն:

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել առկա իրավիճակին և աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներին, ծրագրի վերափոխման և ընդլայնման պլաններին:

Հանրային ներդրումային կոմիտեն քննարկել է հարցը, հավանություն տվել ծրագիրն ավարտին հասցնելու համար ներկայացված առաջարկին։

Մանրամասները՝

https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/07/01/Nikol-Pashinyan-meeting/#photos[pp_gal_1]/3/