Հայտարարություն Երեւանի ջրամատակարարման վերաբերյալ
հուլիսի 02, 2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
Վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվում են որոշ պնդումներ, թե Երեւանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ս/թ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել եւ վատթարացել է։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին եւ 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչեւ օրական 17 ժամ։
Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել եւ լավարկել էին հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր գործադրել հետեւյալ երկու ուղղություններով.
· Երեւան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ,
· Նոր ջրաղբյուրների հայտնաբերում եւ նոր ջրածավալների տեղափոխում քաղաք Երեւան։
Արդյունքում, գոհունակությամբ արձանագրում ենք, որ ս. թ. հուլիսի 2-ի դրությամբ Երեւան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչեւ մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը եւ Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։
Մասնավորապես, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երեւանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաեւ մի շարք մարզերում։ Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երեւան տեղափոխման ուղղությամբ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես, Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։ Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։
Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների լիցքավորումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից։