«Oragir.news»-ի հոդվածը մոլորեցնող է. Ջրային կոմիտեն ներկայացնում է իրական թվերն ու փաստերը
նոյեմբեր 10, 2026
Այսօր «Oragir.news» լրատվականը հրապարակել է «Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել» վերտառությամբ հոդված՝ անդրադառնալով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դաղբաշյանի՝ Ջրային կոմիտեի աշխատանքներում նոր ձևաչափով ներգրավվածությանը։
Հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը թերի է և մոլորեցնող, քանի որ չի արտացոլում Կարեն Դաղբաշյանի հետ կնքված պայմանագրի իրական բովանդակությունն ու ֆինանսական պայմանները։
Մասնավորապես, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում Կարեն Դաղբաշյանը չի վերանշանակվել նոր Կառավարության ձևավորման շրջանակում, ինչպես բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնց աշխատանքի հետ կապված դժգոհություններ չեն եղել։
Ղեկավար հաստիքներում պաշտոնյաների թարմացումը կառավարման գործընթացների բնականոն մաս է։
Հողի և ջրի կոմիտեի ձևավորման և հատկապես ջրային համակարգերի կառուցման և վերակառուցման ծրագրերի ծավալների շարունակական աճի պայմաններում առաջացել է հիդրոտեխնիկական կառուցվածքների ոլորտում նեղ մասնագիտական խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտություն։
Հաշվի առնելով Կարեն Դաղբաշյանի՝ ոլորտում ավելի քան երկու տասնամյակի մասնագիտական փորձն ու գիտելիքները՝ Ջրային կոմիտեի կողմից առաջարկ է ներկայացվել հիդրոտեխնիկական կառուցվածքների գծով խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ, ինչի հիման վրա Դաղբաշյանի հետ կնքվել է երկամսյա պայմանագիր։
Հոդվածում նշված 12 մլն դրամի վերաբերյալ հայտնում ենք, որ պայմանագրով նախատեսված ծառայությունների արժեքը կազմում է 1,734,000 դրամ՝ ներառյալ հարկերը։ Նշված ֆինանսական միջոցները նախատեսվել են 2026 թվականի համար՝ մինչև դեկտեմբերի 31-ը։
2027 թվականին ծառայությունների մատուցման անհրաժեշտության և համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման դեպքում սահմանված կարգով կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։