Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ
օգոստոսի 13, 2026
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը հանդիպել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ՝ քննարկելու ջրային ոլորտում մասնագիտական կրթության, կադրերի պատրաստման և գիտակրթական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Ջրային կոմիտեի նախագահը, ներկայացնելով համագործակցության հնարավոր շրջանակը, կարևորել է ոլորտի կարիքներին համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստումը, երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումը և կրթություն–գիտություն–պրակտիկա կապի ամրապնդումը։
Այս համատեքստում առանձնացվել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ ջրային ոլորտի պահանջարկից բխող կարճաժամկետ և նեղ մասնագիտական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում, ուսանողների գործնական ուսուցման հնարավորությունների ընդլայնում, մասնագիտական ու թեմատիկ հանդիպումների կազմակերպում, ինչպես նաև ոլորտի համար արդիական գիտական և կիրառական հետազոտությունների խթանում։
Համալսարանի ռեկտորը ներկայացրել է ջրային ոլորտին առնչվող մասնագիտական կրթական ծրագրերն ու համալսարանի հնարավորությունները։ Մասնավորապես, ներկայացվել են «Հողային և ջրային ռեսուրսների կառավարում» մասնագիտության բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը։ Քննարկվել է նաև ոլորտի կարիքներին համապատասխան համատեղ նեղ մասնագիտական դասընթացների մշակման և համապատասխան մասնագիտությունների ուսանողներին ջրային ոլորտի կառույցներում մասնագիտական ու գործնական փորձառության հնարավորություն ընձեռելու հարցը։
Համագործակցության հնարավոր ուղղությունների թվում դիտարկվել է նաև Ջրային կոմիտեի ներկայացուցչի ներգրավումը Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհրդի կազմում, ինչը հնարավորություն կտա ոլորտի գործնական կարիքներն ու մասնագիտական պահանջներն առավել անմիջականորեն ներկայացնել կրթական գործընթացում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները՝ համագործակցության կոնկրետ ուղղություններն ու հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև ձևավորվող համագործակցությունն ամրագրող հուշագրի հնարավոր կնքմանը։