Ջրային կոմիտեի աշխատակիցները մասնակցել են FIDIC պայմանագրերի վերաբերյալ եռօրյա դասընթացի
օգոստոսի 19, 2026
Ջրային կոմիտեի աշխատակիցները «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակում մասնակցել են ՖԻԴԻԿ (FIDIC) պայմանագրերի կառավարմանն ու իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ եռօրյա դասընթացի։ Դասընթացին մասնակցել են նաեւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մեծամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործընթացներում ներգրավված մասնագետները։
Դասընթացի նպատակն էր ծանոթանալ ջրային ենթակառուցվածքային ծրագրերի կառավարման ընթացքում ՖԻԴԻԿ պայմանագրային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին՝ ծրագրի մեկնարկից և նախագծումից մինչև դրա ավարտն ու հանձնումը։ Դասընթացի շրջանակում քննարկվել են ՖԻԴԻԿ պայմանագրերի հիմնական սկզբունքները, ռիսկերի բաշխումը, պահանջների ներկայացումն ու կառավարումը, վեճերի կարգավորումը, որակի կառավարումը, շինարարական վերահսկողությունը, կապալառուի հաշվետվությունները, վճարումների գործընթացը, պայմանագրերի փոփոխությունները, շահագործման հանձնումը և ծրագրի փակումը։