Նորություններ

ՋՕԸ-ների արդյունավետ աշխատանքը՝ ոռոգման համակարգի բարելավման առանցքում

օգոստոսի 07, 2026

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այցելել է «Երևան» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ)։ «Երևան» ՋՕԸ-ի տնօրեն Սերոբ Հարությունյանի ուղեկցությամբ ՋԿ նախագահը շրջայց է կատարել ընկերության սպասարկման տարածքում, ուսումնասիրել «Ծիծեռնակաբերդի» պոմպակայանի աշխատանքը, հարակից տարածքները, ինչպես նաև Հրազդան գետի ներկա վիճակը։

ՋԿ ղեկավարին է ներկայացվել «Երևան» ՋՕԸ-ի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացվող նոր ջրագծի կառուցման ծրագիրը, որի շնորհիվ ջուրը բաժանորդներին կմատակարարվի ինքնահոս եղանակով՝ ապահովելով նաև էլեկտրաէներգիայի խնայողություն։

Շրջայցին հաջորդել է հանդիպում «Երևան» ՋՕԸ-ի տեղամասերի պատասխանատուների հետ։ ՋԿ նախագահը լսել է նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին և ներկայացրել ոլորտի հիմնական առաջնահերթությունները։

Ղալամքարյանն ընդգծել է, որ հողերի խոշորացման և գյուղատնտեսական նշանակության հողերի առավել արդյունավետ օգտագործման պայմաններում ոռոգման համակարգի պատշաճ կազմակերպումը, ջրի ժամանակին և հասցեական մատակարարումը, ջրօգտագործողների հետ համակարգված աշխատանքը, օպերատիվ կառավարումն ու ջրային կորուստների նվազեցումն անմիջականորեն կախված են ՋՕԸ-ների աշխատանքի որակից։

Ամփոփելով իր խոսքը՝ Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ ջրային ոլորտում նախատեսվող մի շարք կարևոր փոփոխությունների հիմքն արդեն դրված է։ Առաջիկա փուլում առաջնահերթ է լինելու այդ աշխատանքների հետևողական իրականացումը՝ առավել արդյունավետ, կառավարելի և կայուն ոռոգման համակարգ ձևավորելու նպատակով։