Նորություններ

Ջրային կոմիտեի ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են ոռոգման համակարգերի կառուցման և կառավարման միջազգային սեմինարին

հոկտեմբեր 22, 2026

Ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի աշխատակից Դավիթ Մարտիրոսյանը, «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրի մասնագետ Նաիրա Ավետյանը և «Ջրառ» ՓԲԸ-ի մասնագետ Արման Աբրահամյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանչժոու քաղաքում մասնակցել են «Ոռոգման համակարգերի կառուցում և կառավարում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների համար» խորագրով միջազգային սեմինարին։

Սեմինարի շրջանակում անցկացվել են թեմատիկ դասախոսություններ, գործնական այցեր դաշտային տարածքներ, ինչպես նաև մշակութային և ճանաչողական միջոցառումներ։ Սեմինարին մասնակցող երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրների զեկույցները՝ անդրադառնալով աշխարհագրատնտեսական որոշ առանձնահատկությունների, ոռոգման համակարգերի կառավարման ու արդիականացման խնդիրների, տեխնոլոգիաների զարգացմանն ու կիրառմանը, գիտական հետազոտությունների և առկա մարտահրավերների։

Քննարկվել են նաև Չինաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ներդրումների ներգրավումը, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը, մասնագիտական վերապատրաստումների կազմակերպումը, կարողությունների զարգացումը և տեխնոլոգիաների փոխանցումը։

Հայաստանյան պատվիրակությանը վստահվել է նիստերից մեկի վարումը։ Բացի այդ, մասնակից երկրների շարքում առաջին զեկույցը ներկայացնելու հնարավորությունը տրվել է Հայաստանին՝ ևս մեկ անգամ միջազգային մասնագիտական հարթակում ներկայացնելու Հայաստանի ջրային ոլորտի ներուժը, զարգացման առաջնահերթություններն ու հետագա համագործակցության հնարավորությունները։

Սեմինարի շրջանակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ՉԺՀ Ջրային ռեսուրսների նախարարության ենթակայությամբ գործող Գյուղական վայրերի էլեկտրաֆիկացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (National Research Institute for Rural Electrification) և ՀՀ Ջրային կոմիտեի Ջրային համակարգերի օգտագործման և պահպանման տեխնիկական հանձնաժողովի միջև համագործակցություն հաստատելու վերաբերյալ։

Համագործակցությունը միտված կլինի գիտական ոլորտում փոխգործակցության զարգացմանը, փորձի և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև ջրային ոլորտի մասնագետների վերապատրաստմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։