Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահը Ժնևում մասնակցել է ՄԱԿ ԵՏՀ Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման աշխատանքային խմբի 21-րդ նիստին

հոկտեմբեր 21, 2026

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը ս.թ. հոկտեմբերի 6-9-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) «Միջազգային լճերի և անդրսահմանային ջրահոսքերի պաշտպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի շրջանակներում անցկացված՝ Ջրային ռեսուրսների կայուն ֆինանսավորման հարցերով ժամանակավոր աշխատանքային խմբի 6-րդ և Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման աշխատանքային խմբի 21-րդ նիստերին։

Հանդիպումներին մասնակցել են ինչպես «Ջրային կոնվենցիայի» անդամ երկրների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Կոնվենցիային նոր միացած, դրան միանալու գործընթացում գտնվող և հրավիրյալ պետությունների ներկայացուցիչներ։

Քննարկումների առանցքում են եղել ջրային ռեսուրսների ինտեգրված և միջոլորտային կառավարումը, անդրսահմանային համագործակցությունը, ջրային ոլորտի կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացումը, կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվողականությունը, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրերի համակցված կառավարումը։

Անդրադարձ է կատարվել նաև ջուր–էներգիա–պարեն–էկոհամակարգ կապին, ազգային առաջնահերթություններին և միջազգային պարտավորությունների կատարմանը։

Միջոցառումների շրջանակում ելույթով հանդես է եկել նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ներկայացնելով Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթությունները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և 2006 թվականից գործող Հայաստանի ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության (ԱՔԵ) հարթակի վերջին տարվա աշխատանքը։ Այս համատեքստում նա շեշտել է ազգային ջրային ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ որպես ոլորտի զարգացման առաջնահերթությունների հստակեցման միջոց։

ՋԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ԱՔԵ հարթակի ֆինանսավորման, ինչպես նաև ՄԱԿ ԵՏՀ-ին և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ)՝ ցուցաբերվող աջակցության համար։

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նա նշել է, որ 2026 թ. դեկտեմբերին նախատեսվող ԱՔԵ տարեկան նիստի շրջանակում կքննարկվի Հայաստանում ջրային ոլորտի փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզի մշակումը։