keyboard_arrow_left
Նորություններ
ՀԱՊՀ ռեկտորը ՋԿ նախագահին է հանձնել ոռոգման թվային քարտեզներ և GIS համակարգերի վրա հիմնված քարտեզագրման մեթոդական ձեռնարկներ
հոկտեմբեր 02, 2026
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտոր Գոռ Վարդանյանը և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ ու հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանին են փոխանցել համատեղ ստեղծված ոռոգման թվային քարտեզներ, տարածական տվյալների բազա և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) վրա հիմնված քարտեզագրման մեթոդական ձեռնարկներ։
Գործիքները մշակվել են «Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) կողմից՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) հետ համագործակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է ոռոգման պլանավորման, մշտադիտարկման և կառավարման գործընթացների բարելավումը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) կարողությունների ամրապնդումը։
Փորձնական ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ և Անի խոշորացված համայնքներում իրականացվել է ոռոգման ենթակառուցվածքների թվային քարտեզագրում։
Ստացված տվյալներն ու մշակված մեթոդաբանությունը կարող են հարմարեցվել և կիրառվել Հայաստանի ողջ տարածքում՝ հիմք ստեղծելով ոռոգման ոլորտի թվային կառավարման գործիքների ընդլայնման համար։
Ջրային կոմիտեի նախագահն իր խոսքում կարևորել է բուհական և պետական համակարգերի միջև համագործակցության խորացումը՝ գիտական և մասնագիտական ներուժը ոլորտի կառավարման գործնական խնդիրների լուծմանը ծառայեցնելու նպատակով։
Ղալամքարյանն ընդգծել է, որ Հողի և ջրի կոմիտեի ձևավորումը հնարավորություն կընձեռի ընդլայնելու համագործակցությունը՝ համադրելով գիտելիքը, տեխնոլոգիաներն ու պետական կառավարման գործիքակազմը։ Այս համատեքստում թվային քարտեզագրումն ու տարածական տվյալների կիրառումը կարող են դառնալ ոչ միայն առանձին ծրագրերի, այլև հողի և ջրի կառավարման միասնական, տվյալահեն համակարգի կարևոր բաղադրիչ։