Նորություններ

«Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության ընթացքն ու առաջիկա աշխատանքները

հուլիսի 29, 2026

Ջրային կոմիտեում ՋԿ նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրի տեխնիկական աջակցությունն ապահովող փորձագիտական թիմի հետ հանդիպում։

Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Ջրային կոմիտեի, ինչպես նաև տեխնիկական աջակցության խորհրդատվական կոնսորցիումի անդամ ընկերությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում խորհրդատուները ներկայացրել են Սյունիքի մարզի յոթ համայնքներում իրականացված աշխատանքների արդյունքները, այդ թվում՝ ծրագրում ընդգրկման ենթակա բնակավայրերի նույնականացման, գնահատման և դասակարգման գործընթացի արդյունքները, ինչպես նաև համայնքների հետ անցկացված խորհրդակցությունների եզրակացությունները։

Մասնակիցները քննարկել են ծրագրի առաջիկա աշխատանքները և հստակեցրել հաջորդ քայլերը։

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում նախատեսվում է դիտարկել Սյունիքի մարզի շուրջ 55 նախապես ընտրված բնակավայրերի ջրամատակարարման բարելավման հնարավորությունները և մշակել տեխնիկապես ու ֆինանսապես հիմնավորված նախագծային լուծումներ։

Տեխնիկական աջակցության նպատակն է նպաստել Սյունիքի մարզի բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ու կայուն լուծումների մշակմանը։